Sunday, March 18, 2012

Եթե իրազեկված եմ, պաշտպանված եմ

,,ՀԵՑ,, ընկերությունը և ,,Մուլտիշոկ,, մանկական ամսագիրը համատեղ հրատարակել են ,,Էլեկտրաշոկ,,-ը, որն ուղեցույց է երեխաների համար էլեկտրական հոսաքի և անվտանգության կանոններ մասին: 
Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի երկրորդ դասարանում մարտի 16-ին անցկացված դասղեկի ժամը նվիրված էր այս թեմային: Փորձառու և ստեղծագործող դասվար Կարմեն Ղալթախչյանը, հետևելով ժամանակակից մեթոդիկայի այն սկզբունքին, որ սովորեցնելու լավագույն կերպը աշակերտին ներգրավելն է, դասղեկի ժամը վերածեց հրաշալի ներկայացման, որտեղ հանդիսատեսը ծնողներն էին, դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, փոխտնօրենները, ուսուցիչները, իսկ դերակատարները` երկրորդ դասարանցիները:
Աշակերտներից մեկը փոքրիկ լուսատուն էր` էլեկտրական շիկացման լամպը, մյուսը` նրա կինը` ցերեկային լույսի լամպը, հաջորդները`թղթե թիթռնիկներով փորձ կատարողը, ստուգիչ գործիքը` ինդիկատորը, ընկերության` մալուխները նորոգող աշխատակիցները, դեղարկղիկը, էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերող բժշկուհին, մարտկոցներով տիկնիկներն ու մեքենաները ներկայացնողները:
Դասվարի հետ համագործակցող ֆիզիկայի ուսուցչուհին համակարգչային շնորհանդեսով հարստացրեց դասը:
Աշակերտները իմացան էլեկտրական հոսանքի չարաճճիությունների մասին և սովորեցին` ինչպես զգուշանալ էլեկտրական հոսանքից և խայել այն` դրանով խնայելով բնությունը: 
Հիացական ծափողջույնների ներքո սիրելի դասվարը բոլորին նվիրեց ,,Մուլտիշոկ,, ամսագիրը` վստահ, որ դասի խորհուրդը կուղեկցի փոքրիկներին ողջ կյանքի ընթացքում: 

Գարունը այնքա~ն ծաղիկ է վառել....

Գարունն այս հյուսվում է շաղից, շողից, ծառերից` ծաղկոտ ու նազանքով լի: Բնությունը թրթռում է սիրահար սրտի պես, անսանձ բույրերը խուժում են մեր սրտերը:
Մարտի 7-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումը նվիրված էր գարնան թագուհուն` մորը, որն ամենայն գեղեցիկի կրողն է ու մարմնավորողը:
Գարնանաբույր և մեծ արվեստով կազմակերպված միջոցառման հեղինակը երաժշտության ուսուցչուհի Հերմինե Սարդարյանն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, ծնողներ:
Ճաշակով բեմադրված հեզաճկուն պարին հաջորդեցին առաջինից չորրորդ դասարանի աշակերտների երգերը, որոնք նման էին երգչախմբային կատարումների: Վերջիններս ընդմիջվում էին մայրերգության անմահ պատառիկներով:
Բեմը ծփում է աշակերտների ալիքումից` ինքնամոռաց ու խանդավառ: Ասես հայրենի դաշտերի բոլոր ծաղիկներն էին կերպավորվել նրանց մեջ, վարարուն խինդով ու խենթ արբեցումով դարձել ծաղկեփունջ: Աշակերտների ափերի մեջ ցոլացող մոմերի լույսը մայրական անափ ծաշտամունքի ու անմնացորդ սիրո կրակն էր:
Միջոցառման բարձրակետը մայրության սուրբ խորհրդանիշ Տիրամոր գովքն էր:
Գարնան, մայրության և գողեցկության տոնի օրը ողջ աշխարհն է պոետ դառնում, բնությունը` դառնում տավիղ: Միջոցառման նպատակը աշակերտի հոգում հավերժական արժեքների հունդեր սերմանելն էր:
Մայրերի ծով հուզմունքով ու հիացմունքով այրվող աչքերը չէ՞ին վկայում արդյոք, որ այն ծառայել է այդ մեծ նպատակին...

Tuesday, March 6, 2012

Ի սկզբանե էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք...

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում մարտի 5-ին տեղի ունեցավ ,,գիտակների,, մրցույթ, որը մտքի գարնանաբույր զարթոնքի յուրատեսակ տոն էր:
Որքան տքնություն ու ոգու խոյանք է հարկավոր, որպեսզի արգասավոր դառնա սովորողի աշխատանքը:
Դպրոցական բոլոր առարկաներից հարցեր ընդգրկող մրցույթի կազմակերպիչը փոխտնօրեն Ռ. Բեկնազարյանն էր, որը ներգրավել էր 8-րդ և 9-րդ դասարանների լավագույն աշակերտներին: Աշակերտների պատասխանները անաչառորեն գնահատվում էին ուսուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, որի նախագահը դպրոցի տնօրեն տիկին Ռ. Խառատյանն էր:  ,,Ծառը գիտության պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի և մատուցե պտուղներ վայելքի և ոստեր իմաստության,,:
Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների հետաքրքրությունը, նպաստել սովորելու հանդեպ ձգտմանը և ներարկել հավատ առ այն, որ անխախտ ու կայուն գիտելիքն է կերտում ապագան:
2011-2012 ուստարվա ,,գիտակ,, դափնին նվաճեց 8-րդ դասարանի աշակերտ Վահե Ասիրյանը:
Դահլիճի որոտընդոստ ծափողջույնները վկայում էին գիտելիքների ծով պաշտամունքի մասին...