Monday, May 28, 2012

Ես և իմ իրավունքը

Այսօր ավելի քան երբևէ կարևոր ու արդիական են երեխայի իրավունքների իմացությունը, քանզի ամեն քայլափոխի մենք հադիպում ենք իրավունքների տարրաբնույթ խախտումների: Մայիսի 22-ին Իջևանի թիվ 4 դպրոցի աշխորհրդի մի քանի անդամ և 6-րդ դասարանի մի խումբ աշակերտներ կազմակերպեցին քննարկում ,,Երեխայի իրավունքները,, թեմայով: Նախապես տրված առաջադրանքի համաձայն դպրոցականները վեր հանեցին իրենց իրավունքներին վերաբերող խախտման դեպքերը և ներկայացրին բոլոր այն իրավունքները, որ իրենք ունեն: Սահուն անդրադարձան իրենց հասակակից Հ. Թումանյանի Գիգորի իրավունքի խախտման դեպքերից երկուսին` կյանքի և կրթության: Ամփոփման ընթացքում երեխաները մշակեցին փաստաթուղթ երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, դիտեցին փոքրիկ ֆիլմ վերոհիշյալ թեմայով: Վերջում մասնակից երեխանները վերարտադրեցին յուրացրածը` նկարելով մեկական նկար, որն արտահայտում էր երեխայի իրավունքը:          
                                      Մարիետա Սահակյան

                                                                                                                         

Tuesday, May 22, 2012

Մանկության մոլորակի հեքիաթը

Դու` լույսից ծնված չքնաղ տեսիլք,
Դու` երազով օծված ու կախարդված.
Հրաշքի' աշխարհ, հոգու' օրորոց,
Քեզ մոտ են բերում ուղիները բոլոր...
 Մանկության առվակից քարեր են հավաքում բոլորը, և մանկության լույս արահետներում թափառում են բոլորը: Խղճի պես արդուն է մանկության աշխարհը և հավատի նման` ապրեցնող:
Թիվ 4 հիմնական դպրոցում մայիսի 18-ին կայացած միջոցառման հեղինակը չորրորդ դասարանցիներն էին, ովքեր հրաժեշտ են տալիս տարրական դպրոցին և սիրելի դասվար Ն. Օրդինյանին:
Հրաժեշտի բազմախորհուրդ խոսքը յուրօրինակ երդում էր սիրո օրրան, ընկերության դարբնոց դպրոցին, մտքի թռիչք` դեպի պատմության ակունքները, հնամենի ու բուրյան լեզուն նորովի հնաչեցնելու կամք, իր ապագային տեր կանգնելու համար երթի ելած հայի ուխտ ու երդում:
Բարձրագույն արվեստով կերպավորվեցին մեր ոգեկիր նախնիները` ազատատենչ Հայկն ու դյուցազուն Դավիթը, իմացյալ մահով անմահության հասած Վարդանն ու հայոց երգի վեհափառ Կոմիտասը. խորհրդանշորեն մարմնավորվեց Հայաստանը:
Փոքրիկ իշխանը մարմնավորում էր աշակերտներին, ովքեր իրենց հոգին տվել են մայր կրթօջախին և հավիտյան պատասխանատու են նրա առաջ:
Հպարտ գալիքի երգը իրենց ունկերում և շուրթերին` նրանք կշարունակեն իրենց ոգեղեն ճախրանքը:

Saturday, May 19, 2012

Իմ մանկության մոլորակը

Բնության մեջ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը: Բայց նրանք դեռ չեն ավարտել. ընդամենը կատարել են թռիչք առաջին աստիճանից երկրորդը` տարրականից միջին: Նրանք` մանկության մոլորակրի բնակիչները, շարունակում են իրենց տիեզերական պտույտը :
Այդ ի~նչ կլանող, իր վարար հորձանքի մեջ առնող պատում էր... 



Մեր ինքնության վկայականը

Քո ամեն տառը` ժայռեղեն սլացք,
Սլացող հիա'ցք` քո ամեն բառը.
Դու մեր արյան մեջ` զրնգուն տեսիլք,
Դու մեր շուրթերին` երդում առ Աստված...

Տե'ր, պահպանի'ր հայոց բառ ու բանի երեսունինը տառերը, երեսունինը սրերը և երեսունինը շնորհները: Նրանց մեջ է ոգեղենության ուժը, մեր նախնիների սուրբ հավատամքը: 
Հրաշափառ տոն էր Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցում, քանզի Iա դասարանի աշակերտները ավանդական հրաժեշտն էին տալիս առաջին գրքին` ,,Այբբենարանին,,:

Հայկազյան ցեղի ժառանգորդները, դպրության ոսկեդարյան ադամանդյա բանալին իրենց ձեռքերում, բանիմաց ու վես, ձոն էին հղում հայոց անմահ գրերին: Նրանք կերպավորեցին մեր էությունն ու ոգին մեզ վերադարձրած Առաջին ուսուցչին` Մ. Մաշտոցին, որը գրերն ստեղծելիս նման էր Աստծուն` արարչագործության օրերին: Վերակենդանացրին գրերի ստեղծման պատմությունը` կերտելով հայոց արքայի, կաթողիկոսի, Կորյունի կերպարները:

Հայոց գրերը ներդաշնակեցին ռանչպարների աշխատանքային կանչերին` փոքրիկ ներկայացումներով համեմելով իրենց խոսքը: Ոսկե թելի նման անցան գիր, լեզու, ուսուցիչ, Հայաստան, Արցախ, հավատ, ազատություն, անմահություն թեմաները: Ասմունքն ընդմիջվում էր խրոխտ երգերով, որոնք նույնպես խորհրդանշական էին:
Ոսկեթել գրերով ծանրաբեռնված նավը կառաջնորդի մանուկներին` հարթելու ճամփան հավերժի: Այն հիշեցնում էր նոյյան հանգրվանը և նման էր լույսի շքերթի:
Ոգող աղոթքի նման հնչեցին հայ հնչյունները լուսե մանուկների շուրթերից: 
Դասվար Ա. Խեչյանը ներշնչված և հուզված էր, քանզի փոքրիկները ոսկեթերթում էին մանկության առաջին էջը:
Ամենաջերմը հայոց գրերին տրված երդումն էր: Մանուկները նրան տվեցին իրենց հոգին և գիտակցում էին, որ հավիտյան պատասխանատու են գրերի համար: 

Հրա'շք մանուկներ, դուք երկրի աղն եք ու դարի շունչը,
Այդ դու'ք եք վաղվա ամուր կամուրջը,
Եվ ձեր ապագան այսպե'ս է կերտվում,
Եվ ժամանակն է ծնվում ձեր շուրջը:


                              Գ. Մկրտումյան
                     գրականության ուսուցչուհի

Friday, May 18, 2012

Հրաժեշտ այբբենարանին

Մայիսի 15-ին Իջևանի թիվ 4 դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճն ամբողջությամբ մաշտոցյան ոգով էր շնչում: Յուրօրինակ քննություն էին հաձնում Iբ դասարանի աշակերտները:
Տպավորիչ էր միջոցառման մուտքը: Հավ մայրիկը, Չար ճուտիկը, Աքաղաղն իրենց ճուտիկների հետ արդար կամք ու վճիռով ավետում էին բոլորին այբենարանի հանդեսն ու այբուբենի ծնունդը` իրենց գեղեցիկ երկխոսության մեջ ամփոփելով ուսումնական տարվա ընթացքում ստացած գիտելիքները:
Գեղեցիկ խոսքեր, երաժշտական կատարումներ, պարային համարներ, հեքիաթի հերոսներ և Մաշտոցին նվիրված գեղեցիկ տողեր. բոլորի մոտ կարծես նույնն էր ոգին` լավատեսությունն առ այն, որ մաշտոցյան երթին վախճան չկա:
Վերջում աշակերտները խոստացան լինել Մաշտոցին արժանի զավակներ, ուսման առաջավորներ, սիրել գիրն ու մայրենին, ամուր պահել այն 36 խարիսխները, որ ահեղ փոթորիկներից փրկեցին հայ ազգը: