Sunday, March 18, 2012

Եթե իրազեկված եմ, պաշտպանված եմ

,,ՀԵՑ,, ընկերությունը և ,,Մուլտիշոկ,, մանկական ամսագիրը համատեղ հրատարակել են ,,Էլեկտրաշոկ,,-ը, որն ուղեցույց է երեխաների համար էլեկտրական հոսաքի և անվտանգության կանոններ մասին: 
Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի երկրորդ դասարանում մարտի 16-ին անցկացված դասղեկի ժամը նվիրված էր այս թեմային: Փորձառու և ստեղծագործող դասվար Կարմեն Ղալթախչյանը, հետևելով ժամանակակից մեթոդիկայի այն սկզբունքին, որ սովորեցնելու լավագույն կերպը աշակերտին ներգրավելն է, դասղեկի ժամը վերածեց հրաշալի ներկայացման, որտեղ հանդիսատեսը ծնողներն էին, դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, փոխտնօրենները, ուսուցիչները, իսկ դերակատարները` երկրորդ դասարանցիները:
Աշակերտներից մեկը փոքրիկ լուսատուն էր` էլեկտրական շիկացման լամպը, մյուսը` նրա կինը` ցերեկային լույսի լամպը, հաջորդները`թղթե թիթռնիկներով փորձ կատարողը, ստուգիչ գործիքը` ինդիկատորը, ընկերության` մալուխները նորոգող աշխատակիցները, դեղարկղիկը, էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերող բժշկուհին, մարտկոցներով տիկնիկներն ու մեքենաները ներկայացնողները:
Դասվարի հետ համագործակցող ֆիզիկայի ուսուցչուհին համակարգչային շնորհանդեսով հարստացրեց դասը:
Աշակերտները իմացան էլեկտրական հոսանքի չարաճճիությունների մասին և սովորեցին` ինչպես զգուշանալ էլեկտրական հոսանքից և խայել այն` դրանով խնայելով բնությունը: 
Հիացական ծափողջույնների ներքո սիրելի դասվարը բոլորին նվիրեց ,,Մուլտիշոկ,, ամսագիրը` վստահ, որ դասի խորհուրդը կուղեկցի փոքրիկներին ողջ կյանքի ընթացքում: 

Գարունը այնքա~ն ծաղիկ է վառել....

Գարունն այս հյուսվում է շաղից, շողից, ծառերից` ծաղկոտ ու նազանքով լի: Բնությունը թրթռում է սիրահար սրտի պես, անսանձ բույրերը խուժում են մեր սրտերը:
Մարտի 7-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումը նվիրված էր գարնան թագուհուն` մորը, որն ամենայն գեղեցիկի կրողն է ու մարմնավորողը:
Գարնանաբույր և մեծ արվեստով կազմակերպված միջոցառման հեղինակը երաժշտության ուսուցչուհի Հերմինե Սարդարյանն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, ծնողներ:
Ճաշակով բեմադրված հեզաճկուն պարին հաջորդեցին առաջինից չորրորդ դասարանի աշակերտների երգերը, որոնք նման էին երգչախմբային կատարումների: Վերջիններս ընդմիջվում էին մայրերգության անմահ պատառիկներով:
Բեմը ծփում է աշակերտների ալիքումից` ինքնամոռաց ու խանդավառ: Ասես հայրենի դաշտերի բոլոր ծաղիկներն էին կերպավորվել նրանց մեջ, վարարուն խինդով ու խենթ արբեցումով դարձել ծաղկեփունջ: Աշակերտների ափերի մեջ ցոլացող մոմերի լույսը մայրական անափ ծաշտամունքի ու անմնացորդ սիրո կրակն էր:
Միջոցառման բարձրակետը մայրության սուրբ խորհրդանիշ Տիրամոր գովքն էր:
Գարնան, մայրության և գողեցկության տոնի օրը ողջ աշխարհն է պոետ դառնում, բնությունը` դառնում տավիղ: Միջոցառման նպատակը աշակերտի հոգում հավերժական արժեքների հունդեր սերմանելն էր:
Մայրերի ծով հուզմունքով ու հիացմունքով այրվող աչքերը չէ՞ին վկայում արդյոք, որ այն ծառայել է այդ մեծ նպատակին...

Tuesday, March 6, 2012

Ի սկզբանե էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք...

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում մարտի 5-ին տեղի ունեցավ ,,գիտակների,, մրցույթ, որը մտքի գարնանաբույր զարթոնքի յուրատեսակ տոն էր:
Որքան տքնություն ու ոգու խոյանք է հարկավոր, որպեսզի արգասավոր դառնա սովորողի աշխատանքը:
Դպրոցական բոլոր առարկաներից հարցեր ընդգրկող մրցույթի կազմակերպիչը փոխտնօրեն Ռ. Բեկնազարյանն էր, որը ներգրավել էր 8-րդ և 9-րդ դասարանների լավագույն աշակերտներին: Աշակերտների պատասխանները անաչառորեն գնահատվում էին ուսուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, որի նախագահը դպրոցի տնօրեն տիկին Ռ. Խառատյանն էր:  ,,Ծառը գիտության պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի և մատուցե պտուղներ վայելքի և ոստեր իմաստության,,:
Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների հետաքրքրությունը, նպաստել սովորելու հանդեպ ձգտմանը և ներարկել հավատ առ այն, որ անխախտ ու կայուն գիտելիքն է կերտում ապագան:
2011-2012 ուստարվա ,,գիտակ,, դափնին նվաճեց 8-րդ դասարանի աշակերտ Վահե Ասիրյանը:
Դահլիճի որոտընդոստ ծափողջույնները վկայում էին գիտելիքների ծով պաշտամունքի մասին...

Sunday, February 19, 2012

Բարության օրը


Բարություն անողի սիրտը, ինչպես օվկիանոսը, երբեք չի սառչում:
Վերոհիշյալ գաղափարի շուրջ քննարկում էր ծավալել Իջևանի թիվ 4 դպրոցի աշխորհուրդը: Երեխաները ներկայցրին բարության իրենց մոդելը: Նշեցին, որ այն  ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունն ու ներողամտությունը, օգնելու պատրաստակամությունը։ Բայց նաև շատ կարևոր համարեցին այն հանգամանքը, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է:
Բարությունը սերն է, սիրող մարդը /լայն իմաստով`աշխարհը սիրող, մարդկանց սիրող..../ չի կարող չար լինել:

Friday, February 3, 2012

Երիտասարդների օրհնության օրը

Իջևանի թիվ 4 դպրոցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Արագահաս սուրբ Սարգսին: Տոնը ունի կրկնակի խորհուրդ, քանզի այն նաև երիտասարդների օրհնության օրն է:
Գեղեցիկ և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման հեղինակը ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկայի ուսուցչուհի Ռ. Բեկնազարյանն էր, որը իններորդցիների միջոցով ներկաներին փոխադրեց սիրո առեղծվածային ու զարմանահրաշ աշխարհը` փորձելով նրանց հաղորդակից դարձնել գեղեցիկ սիրելու արվեստին:
Սերն աստվածային շնորհ է, որն ընծայում է անպարագիծ երջանկություն, հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, ընդվզում է աշխարհի, մարդու, ինքն իր դեմ:
Միջոցառման սենյակը կահավորված էր ճաշակով, և ստեղծված էր բանաստեղծական ու մտերմիկ մթնոլորտ:
Մեծերի` խելահեղ սերերի, խելահեղ նամակների տողերը հնչում էին Պագանինիի, Բեթհովենի, Պապետիի, Պաուլսի, Հախվերդյանի և այլոց նրբաճաշակ երաժշտության ներքո: Ներկաները` տնօրեն  Ռ. Խառատյանը, ուսուցիչները, նույնպես ներգրավվեցին միջոցառմանը` պատասխանելով աշակերտների` սիրո թեմայով հարցերին և ստանալով սիրո երազային շնչով ձևավորված, օրվա խորհուրդն ամբողջացնող բացիկներ և աղաբլիթներ:
Այո', նաև սիրո գեղագիտության և բարոյագիտության դասերը վաղվա քաղաքացին պետք է ստանա դպրոցում:

Saturday, January 28, 2012

Հայոց բանակի քսանամյա տարելիցը

Իջևանի թիվ 4 դպրոցում հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց հաղթական բանակի քսանամյա տարելիցին:
Դասղեկ Վ. Վարդապետյանի փայլուն մտահղացումը հրաշալի և բարձր մակարդակով մատուցվեց ութերորդցիների կողմից: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, զինկոմիսարի տեղակալ Ա. Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, դպրոցի աշակերտությունը` զինվորական համազգեստով: Ութերորդցիները լավագույնս մարմնավորեցին հայոց զինվորի խրոխտ
կերպարը, որի մեծագույն սերն ու սրբությունը հող հայրենին է: Ազատամարտիկների լույս դարձած հոգիները կարծես ճախրում էին և վեհացնում ներկաներին: Մերօրյա կայացած ու մարտունակ բանակի ոգին արտացոլված էր ներշնչված խոսքում, արծվաթռիչ պարում, հավատով ու հպարտությամբ, ներքին արժանապատվությամբ առկայծող հայացքներում:
Զինվորի նամակն ու երդումը, որդեկորույս մոր հուզաթաթախ խոսքը, տուն դարձող զինվորի ցնծությունը, լույս ծաղիկներին ուղղված
աղջկա խնդրանքը հուզիչ ու տպավորիչ դարձրին միջոցառումը:
Ահա այսպես է դաստիարակվում վաղվա զինվորն ու քաղաքացին:

Tuesday, December 20, 2011

Թվային լուսանկարչության թեմատիկ ցուցահանդես

Այսօր Իջևանի թիվ 4 դպրոցում  մեդիախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց թվային լուսանկարչության ցուցահանդես: Աշակերտական խորհրդի առաջարկով ընտրվեցին ցուցահանդեսի  թեմաները: Դրանք էին ,,Երեխաների իրավունքները,, և ,,Դպրոցական խճանկար,,:  Մեկ ամիս շարունակ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները իրենց աշխատանքներն էին ներկայացնում մեդիախմբին: Քննարկումների արդյունքում ընտրված նկարները դարձան այսօրվա ցուցահանդեսի նյութը: Ցուցահանդեսի մուտքն  իրենց ելույթով բացեցին Վահեն և Մայան: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանեց իր ներկայացրած լուսանկարը: Երեխաները, ուսուցիչներն ու հյուրերը հիացմունքի հաճելի պահեր ապրեցին: Մասնակից աշակերտները ոգևորված էին ձեռք բերած հաջողություններով և հեռացան`  հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու ակնկալիքով...