Sunday, March 18, 2012

Գարունը այնքա~ն ծաղիկ է վառել....

Գարունն այս հյուսվում է շաղից, շողից, ծառերից` ծաղկոտ ու նազանքով լի: Բնությունը թրթռում է սիրահար սրտի պես, անսանձ բույրերը խուժում են մեր սրտերը:
Մարտի 7-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումը նվիրված էր գարնան թագուհուն` մորը, որն ամենայն գեղեցիկի կրողն է ու մարմնավորողը:
Գարնանաբույր և մեծ արվեստով կազմակերպված միջոցառման հեղինակը երաժշտության ուսուցչուհի Հերմինե Սարդարյանն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, ծնողներ:
Ճաշակով բեմադրված հեզաճկուն պարին հաջորդեցին առաջինից չորրորդ դասարանի աշակերտների երգերը, որոնք նման էին երգչախմբային կատարումների: Վերջիններս ընդմիջվում էին մայրերգության անմահ պատառիկներով:
Բեմը ծփում է աշակերտների ալիքումից` ինքնամոռաց ու խանդավառ: Ասես հայրենի դաշտերի բոլոր ծաղիկներն էին կերպավորվել նրանց մեջ, վարարուն խինդով ու խենթ արբեցումով դարձել ծաղկեփունջ: Աշակերտների ափերի մեջ ցոլացող մոմերի լույսը մայրական անափ ծաշտամունքի ու անմնացորդ սիրո կրակն էր:
Միջոցառման բարձրակետը մայրության սուրբ խորհրդանիշ Տիրամոր գովքն էր:
Գարնան, մայրության և գողեցկության տոնի օրը ողջ աշխարհն է պոետ դառնում, բնությունը` դառնում տավիղ: Միջոցառման նպատակը աշակերտի հոգում հավերժական արժեքների հունդեր սերմանելն էր:
Մայրերի ծով հուզմունքով ու հիացմունքով այրվող աչքերը չէ՞ին վկայում արդյոք, որ այն ծառայել է այդ մեծ նպատակին...

No comments:

Post a Comment