Saturday, May 19, 2012

Մեր ինքնության վկայականը

Քո ամեն տառը` ժայռեղեն սլացք,
Սլացող հիա'ցք` քո ամեն բառը.
Դու մեր արյան մեջ` զրնգուն տեսիլք,
Դու մեր շուրթերին` երդում առ Աստված...

Տե'ր, պահպանի'ր հայոց բառ ու բանի երեսունինը տառերը, երեսունինը սրերը և երեսունինը շնորհները: Նրանց մեջ է ոգեղենության ուժը, մեր նախնիների սուրբ հավատամքը: 
Հրաշափառ տոն էր Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցում, քանզի Iա դասարանի աշակերտները ավանդական հրաժեշտն էին տալիս առաջին գրքին` ,,Այբբենարանին,,:

Հայկազյան ցեղի ժառանգորդները, դպրության ոսկեդարյան ադամանդյա բանալին իրենց ձեռքերում, բանիմաց ու վես, ձոն էին հղում հայոց անմահ գրերին: Նրանք կերպավորեցին մեր էությունն ու ոգին մեզ վերադարձրած Առաջին ուսուցչին` Մ. Մաշտոցին, որը գրերն ստեղծելիս նման էր Աստծուն` արարչագործության օրերին: Վերակենդանացրին գրերի ստեղծման պատմությունը` կերտելով հայոց արքայի, կաթողիկոսի, Կորյունի կերպարները:

Հայոց գրերը ներդաշնակեցին ռանչպարների աշխատանքային կանչերին` փոքրիկ ներկայացումներով համեմելով իրենց խոսքը: Ոսկե թելի նման անցան գիր, լեզու, ուսուցիչ, Հայաստան, Արցախ, հավատ, ազատություն, անմահություն թեմաները: Ասմունքն ընդմիջվում էր խրոխտ երգերով, որոնք նույնպես խորհրդանշական էին:
Ոսկեթել գրերով ծանրաբեռնված նավը կառաջնորդի մանուկներին` հարթելու ճամփան հավերժի: Այն հիշեցնում էր նոյյան հանգրվանը և նման էր լույսի շքերթի:
Ոգող աղոթքի նման հնչեցին հայ հնչյունները լուսե մանուկների շուրթերից: 
Դասվար Ա. Խեչյանը ներշնչված և հուզված էր, քանզի փոքրիկները ոսկեթերթում էին մանկության առաջին էջը:
Ամենաջերմը հայոց գրերին տրված երդումն էր: Մանուկները նրան տվեցին իրենց հոգին և գիտակցում էին, որ հավիտյան պատասխանատու են գրերի համար: 

Հրա'շք մանուկներ, դուք երկրի աղն եք ու դարի շունչը,
Այդ դու'ք եք վաղվա ամուր կամուրջը,
Եվ ձեր ապագան այսպե'ս է կերտվում,
Եվ ժամանակն է ծնվում ձեր շուրջը:


                              Գ. Մկրտումյան
                     գրականության ուսուցչուհի

No comments:

Post a Comment