Thursday, October 11, 2012

Շնորհառատ ու արարող


Դուք` աննյութեղեն,
Դուք` շունչ ու հոգի,
Դուք` գեղեցկության երկրպագություն,
Դուք` ազնվացնող` նման աղոթքի…

            Կատարելության ափը հասնելու տենչանքով ուսուցիչն օգնում է թևածել հոգու, սրտի ու մտքի բարձունքներում:
Հայի կենսառաք տեսլականությամբ սովորեցնում է արևել անվերջ հանապազօրյա երթին դժվարին, քերթության վերին խորհուրդն իմանալ և արշալույսվել վերելքի  ճանապարհին:
Հոկտեմբերի 5-ին Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 5-րդ դասարանցիները անկրկնելի պահեր պարգևեցին` յուրօրինակ խոնարհումով նշանավորելով Ուսուցչի օրը:
Հայ ուսուցիչը կրողն ու փոխանցողն է ոգեղենության, արյան հիշողության, լեզվամտածողության և ազգային գաղափարախոսության: Նա է կարգավորում աշխարհի հողձուկ շնչառությունը, տալիս երազանքի ծաղկափոշի և արարման ամոքիչ կենսահյութ: Նա է շնչավորում հայի կարոտները, գիրն ու տաղը, թաքուն դողը, օգնում մտքի անսանձ մակույկով ճեղքել գիշերը և առավոտի ափերը ելնել` անքուն, հոգնաբեկ, բայց իմաստնացած:
Սիրանյութից շաղախված լինելով` իր սանին հյուսում է երազից, հույսից, խռով արյունից, ըմբոստությունից ու խենթությունից:  Հայացքով խոսուն, դեմքով լուսավոր` նա դառնում է վառ գալիքի աղբյուր`ճախրանքի ցնծագին ուժը պարգևելով իր սաներին:
Հայո’ց ուսուցիչ, երբ քո աչքերում
Պատկերս եմ տեսնում` լույսով շաղախված,
Աստվածանում եմ ինքս իմ աչքին
Ու քեզ եմ գալիս` անվերջ ծարավս ու քաղցս առած…
Շնորհավո’ր տոնդ, և թող օրհնյա~լ լինեն առավոտներդ….

                                                                                                 Գ. Մկրտումյան

No comments:

Post a Comment