Wednesday, April 11, 2012

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Սերդ, Հա'յր մեր, ծով է լույսի
Եվ բարության ակունք է խոր,
Քո բառերը` մոմի արցունք,
Կաթկթում են սրտիս վրա...


Ապրիլի 6-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի դահլիճը ստացել էր զատկական վառ ու գունեղ ձևավորում`շնորհիվ աշակերտների և ծնողների անսպառ երևակայության: Լավագույնս մատուցված էին ազգային և քրիստոնեական խորհրդանիշերը: Յուրահատուկ էր անգամ սփռոցների ընտրությունը` կոճկազարդ ծածկոց, կարպետ և այլն: Հինգերորդցիները ամբողջությամբ կարմիրով էին հանդերձավորվել, իսկ երկրորդ դասարանցիների այտիկներին թառել էին զատիկ միջատների պատկերները: Յուրաքանչյուր դասարան առանձնացավ իր ձևավորած զատկական սեղանով, քրիստոնեական ծեսի մեկնաբանությամբ` աղավնու ձվիկներով մոմեր, բրնձե Արարատներ և չրե նոյյան տապան, գինու մատուցում, կանաչեղենի, ձկնեղենի բազմատեսակ ձևավորումներ, ցորնե մարդուկ, բանջարեղենով զանազան կոմպոզիցիաներ և այլն: Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ, որի ներքո անաչառ ու խստապահանջ հանձնաժողովը` տնօրեն Ռ. Խառատյանի գլխավորությամբ շրջում էր, լսում վերլուծությունը և անում գրառումներ: Տոնական վառ տրամադրությունը գագաթնակետին հասավ, երբ ելույթ ունեցան 4-րդ և 2-րդ դասարանի աշակերտները` միահյուսելով տոնի էության մեկնաբանությունը, ասմունքը և ազգային երգը: Նրանց ելույթին հաջորդեց շուրջպարը` իր խելահեղ պտույտի մեջ առնելով ներկաներին: Փոխտնօրեն Ռ. Բեկնազարյանի մտահղացմամբ իրականացված ինքնատիպ միջոցառման շնորհիվ տոնի խորհուրդը` ինքնամաքրում, մեղքերից զատում, աստվածանալու ձգտում, հոգևոր զարթոնք, անջնջելի կմնա բոլորի հոգիներում և կդառնա ապրելու կերպ:
Օրհնյա'լ է հարությունը Քրիստոսի....

No comments:

Post a Comment